Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալության արարողությունից հետո իր ելույթում վստահեցրեց, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած ենԱրցախի թիկունքին և պայքարելու են նրա արդար իրավունքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նախագահն ընդգծեց, որ մեր ներկա սերունդներին բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել երրորդ հանրապետություն, այլև կայացնել հայրենիքի անկախությունը, ամրապնդել ինքնուրույնությունը և ինքնիշխանությունը, ստեղծել ամուր և հզոր բանակ: «Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին, և այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը պայքարելու են Արցախի արդար իրավունքների… Փառք ու պատիվ մեր ժողովրդին և նրա հերոսներին: Փառք հայոց հաղթական բանակին»,-իր ելույթում նշեց նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով' այսօր մենք գտնվում ենք Առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակի շեմին և անցում կատարում պետական կառավարման նոր' խորհրդարանական համակարգի: «Այսինքն՝ մի կողմից ունենք հանրապետական կարգերի հարյուրամյա պատմություն, մյուս կողմից՝ խորհրդանշանական կերպով սկսում ենք նոր էջից»,-իր ելույթում նշեց նորընտիր Նախագահը՝ հավելելով. «Մեկ դար առաջ հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, երբ մարդկային ջանքեր և սխրանք էր պետք փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մեզ մնացել էր մեծ հայրենիքից, ի պատիվ նախորդ սերունդների, թե առաջին, թե երկրորդ հանրապետության օրոք մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին»,-ասաց Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Սահմանադրության համաձայն՝ սպասվում է ՀՀ կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: