Երդման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն' հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ տեղադրեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Եռաբլուր»-ում ՀՀ ՊՆ զինվորական երգչախումբը կատարում էր Զինված ուժերի հիմնը:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա երդվեց' ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց, որից հետո Արմեն Սարգսյանը հանդես եկավ ելույթով: