Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Համակարգի հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, որտեղ ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:
Ուշագրավ է, որ ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով հիշյալ հրապարակմանը, հայտարարեց.
«Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվությունը»:
«Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:
Այն, որ «Պոլոնեզ»-ների առաջին մատակարարումը հնարավոր է արդեն 2018 թվականին, ասել է «Կոմերսանտ»-ի՝ Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով՝ առաջին պայմանագիրը ենթադրում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 10 կոմպլեկտի արտահանում (դրա մեջ են մտնում հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն): Իրավական փաստաթղթերը գտնվում են վերջնական փուլում, իսկ «հաճախորդն ավարտին է հասցնում իր ֆինանսական հարցերը»: Պարբերականի զրուցակիցը հրաժարվել է բացահայտել պատվիրատուի անունը, սակայն ռուսական պաշտպանական արդյունաբերության երկու ղեկավար անձինք հայտնել են, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:
«Կոմերսանտ»-ի ռազմադիվանագիտական աղբյուրը նախատեսվող համաձայնագիրը համարում է որպես «Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համակարգերի մատակարարմանն Ադրբեջանի ուշացած պատասխան»: Նա հիշեցրել է, որ դեռևս 2016 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել էր «կործանարար հարված» հասցնել Ստեփանակերտին՝ Արցախի մայրաքաղաքին, սակայն օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի միայն մեկ դիվիզիոնի տեղափոխումը Հայաստան ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ ծրագրերից, իսկ դրանից հետո Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը նստեցին բանակցային սեղանի շուրջ:
Ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հայտնի էր դարձել, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: «Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը: