«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահման վայրը հայտնի է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե նա այս պահին, արդյոք, օրինաչա՞փ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո նրա պահման վայրը ընտանիքի անդամներին հայտնի չէ:

«Ինչքանով ես տեղեկացված եմ, տեղը հայտնի է, փաստաբանը ներգրավված է»,-ասաց նա:

Մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա հավելեց.

«Կոնկրետ տեղը ես ինքս չգիտեմ: Ես հարցրել եմ իրավապահներին, թե արդյոք տեղեկացվա՞ծ է ընտանիքը, եւ ներգրավվա՞ծ է փաստաբան, ինձ պատասխանեցին՝ այո, փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան եւ իրականացնում է համապատասխան գործողություններ: Այդ հարցին, երեւի, ավելի ճշգրիտ կարող են պատասխանել իրավապահ մարմինները, որոնք տվյալ պարագայում չեն ենթարկվում Արդարադատության նախարարությանը»,-նշեց Դավիթ Հարությունյանը: