ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ապրիլի 24-ի խորհուրդն է համարում Հայոց պետականության ամրացումը, ժողովրդի պահանջատիրությունն ազգային և պետական խնդիրների նկատմամբ: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց նա:
«Կարծում եմ' Հայոց պետականության վերածնունդը, որի 100-ամյակը նշելու ենք շուտով, նաև Եղեռնից քաղված դասերի արդյունք է: Ներկայիս անկախ, ինքնիշխան պետությունում, որը բոլորիս համար թանկ է, կան անցյալի հուշեր և մի շատ կարևոր բաց թողնված դաս. պետք է մեր պետությունը, պետականությունը պահել միայն միասնական և ուժեղ բռունցքված լինելով, մեր շուրջը լավ հասկանալով, մեզ լավ ճանաչելով և մեր ապագան հնարավորինս պարզ տեսնելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով' մեր պահանջատիրությունը, Ցեղասպանության վերաբերյալ զգայուն մոտեցումը, սերունդներից և աշխարհից ունեցած ակնկալիքները բխում են նաև նրանից, որ հայերն ակամայից դարձել են մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից մեկի զոհերը: «Մենք դարձել ենք ամենամեծ հանցանքն այլևս կրկնելի և հնարավոր չդարձնելու առաջամարտիկը, և մեզ հաջողվել է անել դա տարիների ընթացքում անընդհատ խնդիրը բարձրաձայնելով, անընդհատ մերժողականության դեմ պայքարելով»,-շեշտեց նա:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ ապրիլի 24-ի խորհուրդը մեկն է' ամրացնել պետականությունը և միշտ պահանջատեր լինել ազգային և պետական խնդիրների նկատմամբ:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: