ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը առաջնահերթություն է համարում պետականության ամրապնդումն ու պահպանումը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Լոքյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում ենք ապրում:

«Անհրաժեշտություն կա, որ մեր երկրում մշտապես պետք է գործի պետականությունն ամուր պահելու խելամտությունը և տրամաբանությունը:Եթե մենք դա չենք պահպանելու, մշտապես ունենալու ենք խնդիրներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նա:

Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ բազմաթիվ ազգեր կորցրել են պետականությունը, քանի որ չեն պահպանել այն ամուր պահելու տարրական կանոնները: Նա նկատեց, որ նորանկախ Հայաստանն ընդամենը 26 տարվա պատմություն ունի, և յուրաքանչյուրի համար, անկախ պաշտոնից և քաղաքական կողմնորոշումից, ամուր պետականություն ունենալը պետք է առաջնային լինի: