Հայաստանում տեղի ունեցած թավշյա, անարյուն հեղափոխության կորիզը երիտասարդությունն էր: Հանրապետական կուսակցությունը, որն այս պահին դեռ երկրի ղեկն իր ձեռքում է պահում, դեռ երկար է իրեն տալու այն հարցը, թե ինչպես ստացվեց, որ Կարեն Ավագյանին և Արսեն Քարամյանին վստահված երիտասարդությունը մեկ օրում փոխեց «գաղափարական» ճամբարը և դուրս եկավ փողոց՝ «մերժելու Սերժին»:

Մեր երկրում տարիներ շարունակ գործում են ՀՀԿ-ին կից երիտասարդական կառույցներ, որոնց առաքելությունը երիտասարդության վերահսկումն է` նրա հետ աշխատելով: Այժմ ՀՀԿ-ի համար պետք է որ պարզ դառնա, որ վերոնշյալ անձինք երկար ու ձիգ տարիներ մսխել և լափել են լուրջ գումարներ, երիտասարդության վերահսկման պատրանքներ են ստեղծել: Թերևս հասկանալի է՝ ինչպիսի «նժդեհականություն» էին քարոզում Սևանում, Հրազդանում և Ծաղկաձորում՝ կուսակցական խորոված-փարթիների ժամանակ, որոնց միակ նպատակը Հանրապետական երիտթևի ուրախ ժամանցը կազմակերպելն էր: Ստացվում է՝ այդ ամենն արվել է նրա համար, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Կարեն Ավագյանի դաստիարակած երիտասարդությանը հանի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ դեմ:

 

Ճիշտ ժամանակն է, որ ՀՀԿ-ն ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ այդպես եղավ: Իսկ մի՞թե կարող էր այլ կերպ լինել, եթե ՀՀԿ-ի հռչակած՝ անգամ ներկուսակցական սերնդափոխությունը տրաֆարետային էր և ամբողջությամբ բաժակաճառերի մակարդակում: Բայց ամենակարևորը դա էլ չէ: Ամենակարևորն այն է, որ սերնդափոխված ՀՀԿ-ն չունի ամենակարևորը` ձայնի և անգամ կարծիքի իրավունք: Թե որքանով են Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը և մյուսներն ազդում ցանկացած ընդունված քաղաքական որոշման վրա` այդ մասին թող խոսեն հենց իրենք: Մեզ այդ «որքանը» պարզ է: Գրանտակեր և ձայնազուրկ հանրապետականներին չհաջողվեց կոտրել մեր երիտասարդությանը և դարձնել իր նման: Դա է բոլորիս գլխավոր հաղթանակը և ՀՀԿ-ի պարտության գլխավոր պատճառներից մեկը:

 

Ստելլա Խաչատրյան