Վանաձորցիները դուրս են եկել փողոց: Նրանք «միացիր» կոչերով հորդորում են միանալ պայքարին: Վանաձորի պետական համալսարանի ուսանողներն էլ դասադուլ են հայտարարել։ Վերջիններս, անցնելով բուհերի մոտով, կոչ են անում մյուս ուսանողներին՝ միանալ իրենց։
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը ՀՀԿ-ի հեռացումն է:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Հավելենք, որ այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որի ժամանակ պետք է քննարկեին «իշխանության անցնցում փոխանցումը»:
Սակայն դեռևս երեկ գիշերը հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու: Կարեն Կարապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի պահանջներ է ներկայացնում: Փաշինյանն էլ հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին: