Այն բանից ի վեր, երբ բացահայտվեց հեղափոխությունը Կարեն Կարապետյանի միջոցով գողանալու դավադրությունը, այդտեղ «Գազպրոմի» և Կրեմլի ազդեցության տակ գտնվող ռուսահայ օլիգարխի մասնակցությունը, ակնհայտ է դառնում, որ այսօր ծավալվող քաղաքական գործընթացները դուրս են եկել ներքաղաքականի շրջանակներից և կրում են աշխարհաքաղաքական հետք: Եթե բացառենք այն քիչ հավանական տարբերակը, որ Կարեն Կարապետյանը կարող է իրավիճակը պտտել և որոշ ժամանակ անց կրկին Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետ, ապա պետք է ենթադրել, որ Պուտինն ինչպես Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին չթույլատրեց երրորդ ժամկետը աշխատել որպես երկրի ղեկավար։ Հետևաբար, Մոսկվայի խաղադրույքն այս անգամ արվում է Կարեն Կարապետյանի վրա:

 

Այս պարագայում էլ ավելի ուշագրավ է դառնում Կարեն Կարապետյանի դերակատարությունը, ով այժմ փորձում է, այսպես ասած, «հավաքել» իշխանությունը, ցույց տալ, որ կարող է լինել համակարգի նոր կոնսենսուսը, վերահսկել իշխանությունը: Հայաստանի տիպի երկրներում դրա բանալին ուժայինների նկատմամբ տոտալ վերահսկողությունն է: Անվտանգության խորհրդի նիստում Կարապետյանը փորձել է ցույց տալ, որ ամբողջովին վերահսկում է դրությունը: Տվյալ իրավիճակում, որքան էլ չնկատելու տանք, ակնհայտորեն երևում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ականջները»: Ղարաբաղյան կլանն այս օրերին լուրջ ակտիվություն է դրսևորում և արդեն իսկ կարելի է հասկանալ, որ այդ ակտիվությունն ի պաշտպանություն Կարեն Կարապետյանի է: Հավանական է, որ այն պահից ի վեր, երբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները դադարեցին լինել ընդամենը ներքաղաքական խնդիր՝ վերածվելով ավելի լայն՝ աշխարհաքաղաքական երանգներ պարունակող պայքարի, ի հայտ է եկել նաև Արցախի անվտանգության հարցը: Գուցե դրանով  է պայմանավորված նաև այն, որ չնայած Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի հեռանում Երևանից, շարունակելով հանդիպումների շարքը, որոնց գլխավոր նպատակը թերևս Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում թողնելն է: Հիմնավորումն էլ հասկանալի է՝ այդպես ավելի շահավետ կլինի Արցախի անվտանգության ապահովման համար: Միևնույն ժամանակ, «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ ուժ է զգացել մեջքի հետևում և որոշ պահի որոշել է փոխել խաղի կանոնները։ Ուժեղացնելով փողոցում բողոքները` Փաշինյանը զուգահեռաբար փորձում է ստանալ ուժի արտաքին կենտրոնների աջակցությունը։ Կարելի է ասել, որ ընդդիմադիրը գնդակը նետել է այդ կենտրոնների դաշտ։ Այդ մասին վկայում է թեկուզ երեկվա մամուլի ասուլիսը արտասահմանյան ԶԼՄ-ների համար:

 

Մեկ բան ակնհայտ է՝ Կարապետյանը ձգտելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը փոխարինել վարչապետի կարգավիճակով: Կարապետյանը ձգտելու է հեղափոխությունն ավարտել ներսից, իսկ Փաշինյանը՝ դրսից: Տեսնենք, թե ում մոտ կստացվի: Դատելով ամենից՝ սպասվում են երևացող ու կուլիսային բազմաշերտ գործընթացներ, որտեղ խաղի մեջ են լինելու բոլորը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև արտախորհրդարանական շրջանակներն ու տարատեսակ կառույցները: 

Պատրա՞ստ է արդյոք մեր հանրությունն ավելի բարդ կոմբինացիաների:


 
Ստելլա Խաչատրյան