«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն անգամ, երբ փողոցային ցույցերը «սպառնում էին» նախկին խորհրդային հանրապետության ղեկավարներին, Վլադիմիր Պուտինը դրանց հետևում Արևմուտքի թաքնված ազդեցությունն էր «տեսնում»:

Սակայն, երբ խոսքը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի անսպասելի հրաժարականի մասին է, որը հետևեց 11–օրյա բողոքի խաղաղ ցույցերին, նման գնահատականը սխալ կլինի:

Հայաստանում տեղի ունեցածը ժողովրդի կամքի դրսևորումն էր: Հայերը հոգնել են դատարկ խոստումներից, էնդեմիկ կոռուպցիայից և հարուստների ու աղքատների խորացող անդունդից:

Սարգսյանի անկումն սկսվեց 2015 թվականին, երբ նա սահմանադրություն փոխեց՝ անցնելով խորհրդարանական կառավարման: Երբ 2018 թվականի ապրիլի 16–ին նա իր կուսակցության կողմից նշանակվեց վարչապետի պաշտոնում, մարդիկ բողոքի ցույցերի դուրս եկան նրա դեմ:

Երբ ոստիկանները բերման ենթարկեցին ցույցի կազմակերպիչներին, փողոցներում ցուցարարների թիվը բազմապատկվեց, հասնելով ավելի քան 100000–ի:

Սարգսյանի հրաժարականի որոշումը հարգանքի է արժանի: Նա իրավիճակի խիստ լարված պահին հրաժարվեց ուժ կիրառել, ինչպես դա արեց իր նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, ով զենք կիրառեց իր ժողովրդի դեմ՝ սպանելով տասը ցուցարարի: Իսկ Սերժ Սարգսյանը հետևեց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին և հրաժարական տվեց:

Հայաստանը աշխարհին ցույց տվեց, որ ժողովուրդը առավելություն ունի:

Այնուամենայնիվ, կա մի բան, որ նոր ապագա ունեցող Հայաստանի օգտին է' զարմանալիորեն հուսալի քաղաքացիական հասարակությունը:

Հայաստանը եզակի է նախկին խորհրդային տարածքի երկրներից նրանով, որ ամբողջովին ավտորիտար չէ, և ոչ էլ՝ ամբողջովին ժողովրդավար, այլ յուրատեսակ մի հիբրիդ է: Ի տարբերություն իր որոշ հարևանների' Հայաստանի լրատվական դաշտն ազատ է: Չնայած իշխող կուսակցությունը և էլիտան իշխանությունն ամուր պահում են իրենց ձեռքում, հասարակական կազմակերպություններն, այնուամենայնիվ, կարող են ազատորեն քննադատել նրանց, իսկ երիտասարդ սերունդը ավելին է պահանջում քաղաքական վերնախավից:

Անհանգստությունը Հայաստանում կարծես նպաստեց նաև ամբոխավարությանը, որն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի լայն թափ է առնում:

Հայաստանի բնակչության լայն շերտերը հոգնած լինելով «նշանակված» քաղաքական գործիչներից՝ իշխող թե ընդդիմադիր, սկսեցին այլընտրանք փնտրել:

Սարգսյանի իշխանության անկման պատճառ հանդիսացած բողոքի ցույցերը գլխավորում է նախկին լրագրող, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, 43–ամյա Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր մյուս կուսակցությունների խորհուրդներն անտեսելով, նա կոչ արեց ցույցեր անցկացնել Սարգսյանին վարչապետ նշանակելու դեմ:

Ցույցերն արագորեն լայն թափ առան, դառնալով զանգվածային բողոքի հզոր ալիք:

Այժմ Փաշինյանը բանակցություններ է վարում Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման հնարավորության մասին:

Իրավիճակը, մեղմ ասած, բավականին անկայուն է: Էյֆորիան անցնելուց հետո շատ գործոններ կազդեն Հայաստանի՝ իր ընտրած նոր ուղիով շարժվելու վրա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում