Մայիսի 1-ին Ազգային ժողովում, երբ խորհրդարանը վարչապետ է ընտրում, պաթետիկ ելույթ ունեցավ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Ի թիվս այլ ճոխ նախադասությունների՝ Արարատ Միրզոյանը քաղաքական վերջին իրադարձությունները որակեց նաև ազգային զարթոնք:
«2018 թվականի մայիսի 1-ին այստեղ՝ ՀՀ ԱԺ-ում, պատիվ ունեմ ներկայացնելու համաժողովրդական շարժման, այդ համազգային զարթոնքի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ վարչապետի պաշտոնում: Թեկնածություն, որին ԱԺ-ում առաջադրել է ԵԼՔ խմբակցությունը և որի թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ խմբակցությունները և թեկնածուին առնվազն չխոչընդոտելու մասին հայտարարել է ՀՀԿ-ն»:
Արարատ Միրզոյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը, այնուհետև շեշտեց կառավարության գործառույթները՝
- Համազգային քաղաքական համերաշխութուն:
- Կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը:
- Պետք բարեփոխվի ընտրական համակարգը:
- Արտահերթ խորհրդրանական ընտրությունների կազմակերպում, որոնք կլինեն իսկապես ազատ, իսկապես արդար, իսկապես ժողովրդավարական, որոնց արդյունքները իսկապես ոչ մի կասկած չեն առաջացնի ոչ մեկի մոտ:
Արարատ Միրզոյանը կոչ արեց պատգամավորներին՝ չառաջնորդվել անձնական, խմբային շահերով, դադարեցնել քաղաքական հին մեթոդներով զանազան սցենարների խաղարկումը և իբրև ժողովրդի մասին մտածող պետական այրեր՝ օգնել համատեղ ուժերով միասին լավագույն հնարավորը քաղել մեր երկրի համար հիրավի պատմական և բացառիկ այս պատմական հնարավորությունից:
Նա կոչ արեց նաև կողմ քվեարկել Հայաստանի քաղաքացիների լիակատար աջակցությունը վայելող թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին: