Ազգային ժողովում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն շարունակում է մուկ ու կատու խաղալ ժողովրդի հետ՝ չհայտարարելով, որ ժողովրդի թեկնածուին կողմ է քվեարկելու: Ընդ որում՝ այս ամենի հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ովքեր երեկ երեկոյան աննախադեպ ակտիվություն էին դրսևորում՝ փորձելով ճնշում գործադրել բոլոր ֆրակցիաների պատգամավորների վրա՝ պահանջելով չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին: Հիշեցնենք՝ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Հայաստանում իրավիճակի եւ սպասվող քվեարկության մասին, ասել է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի Նիկոլ Փաշինյանին:
 
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն անվանապես նշում է այն անձանց, ովքեր պատասխանատու են լինելու քաղաքական ցունամիի համար՝ եթե վարչապետի ընտրության այս ընթացակարգը տապալվի: Փաշինյանը նաև անուղղակիորեն ակնարկեց, որ Սարգսյան-Քոչարյան քաղաքական դուետի ակտիվությունն իր պիկին է հասել երեկ երեկոյան, ինչը զուգադիպել է ՀՀԿ-ում դիրքորոշման փոփոխության հետ, ինչը գիշերը իր ուղերձում արձանագրել էր Փաշինյանը: Կասկած չկա, որ քվեարկության տապալումը կարող է ունենալ անկանխատեսելի և անչափ վտանգավոր հետևանքներ, և Փաշինյանի խոսքը ԱԺ ամբիոնից ոչ այլ ինչ էր, քան մեսիջ և նախազգուշացում  Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջիններս չփորձեն նման իրավիճակում գնալ վա-բանկ և վերջին հույսի խախտմամբ փորձեն պահպանել իշխանության նկատմամբ վերահսկողությունը:Հակառակ պարագայում՝ ողջ պատասխանատվությունն ընկնելու է Փաշինյանի ասած «հայտնի տանդեմի» վրա, քանի որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հասարակությունն էլ ավելի մեծ թափով է շարունակելու խաղաղ անհնազանդության գործողությունները՝ համաժողովրդական «թավշյա հեղափոխությունը» տրամաբանական ավարտին հասցնելու համար:
 
Ստելլա Խաչատրյան