ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ քվեարկելիս արտահայտելու է դիրքորոշում, որը լինելու է իր սկզբունքներին, համոզմունքներին, հավատամքին ու կամքին համահունչ: Այդ մասին Հովհաննիսյանն ասաց ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրությունների շրջանակում ընթացող քննարկման ժամանակ:                     

«Ես շարունակում եմ կարծել, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով, ու սա երեսպաշտություն չէ: Անկեղծ ասեմ` ելույթ չէի պատրաստվում ունենալ, բայց չեմ կարող նիստը վարելով, տեսնելով դահլիճի մթնոլորտը` չխոսել: Ճգնաժամերի մասին շատ խոսվեց` աշխարհաքաղաքական, ներքաղաքական իրողությունների հետ կապված, սակայն ես ևս մեկն եմ ուզում ավելացնել` մարդկային հարաբերությունների ճգնաժամ»,-  ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով` ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ  Փաշինյանը կարմիր թելի նման մի թեզ էր անցկացնում` համերաշխություն: «Դուք ասացիք, որ ձեր հռետորաբանության մեջ ատելություն չկա, և ասացիք, որ սիրո, համերաշխության և համախմբման մթնոլորտ է լինելու: Ես ուզում եմ հավատալ և հավատում եմ, որ ուզում եք այդպիսի մթնոլորտ լինի, բայց ուզում եմ հարցնել Ձեզ, ո՞ր պահից եք այդ իրողությունը գիտակցել: Երեկ երբ ես հարցադրումներ էի անում պարոն Փաշինյանին` տարբեր մեկնաբանություններ եղան և այդ հարցադրումները գուցե ինչ-որ առումով ընդունվեցին բացասաբար: Ասեմ ինչու էի այդ հարցադրումներն անում, որովհետև Դուք ասացիք, որ իրողություններ են փոխվել, այդ իրողությունների փոփոխման արդյունքում այս պահին կա Ձեր մոտեցումների պետական շահով առաջնորդվելու գիտակցում և ցանկություն: Հիմա ուզում եմ հասկանալ` այս իրողությունը, որ անհրաժեշտ է սիրո և համերաշխության մթնոլորտ, ի՞նչ է նշանակում, այդ սիրո, համերաշխության մթնոլորտը նշանակում է միայն շարժման մասնակիցների և շարժման մասնակիցների հանդե՞պ: Այդ սիրո և համերաշխության մթնոլորտը չի՞ ենթադրում այլ կարծիք ունեցողների նկատմամբ հանդուրժողականություն»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ երբ ինքը քաղաքականություն էր մուտք գործում`  ենթադրում էր, որ լինելու է սուր քննադատություն, լինելու են վիրավորանքներ:«Պարոն Փաշինյան, Դուք գիտեք, որ ես սկզբունքներ ու համոզմունքներ ունեմ, Դուք իրո՞ք համոզված եք ու կարծում եք, որ հայհոյանքների, զանգերի, սպառնալիքների արդյունքում իմ սկզբունքները փոխելու են: Դուք դրանից հետո ինձ հարգելո՞ւ եք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարոն Փաշինյան, հիմա հրապարակում շատ ուսանողներ կան, ես 2000-ից ավելի ուսանողների դասախոս եմ, թե ժուռնալիստիկայի, թե իրավաբանության ֆակուլտետում, որոնք պայքարել են հանուն գաղափարի, շնորհակալ եմ, որ այդ երեխաները նաև այս շարժման շնորհիվ հասկացել են, որ պետք է պայքարել հանուն գաղափարի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված ուսանողներին` նրանց խնդրեց ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ, մտածելով ու գաղափարով մտածեն` ի՞նչի համար են առաջ գնալու, ո՞ւր են գնալու:

 

«Մի հարց եմ ուզում տալ, պարոն Փաշինյան, Դուք համարում եք, որ իրավունքների խախտում իրականում չի՞ եղել այն օրը, երբ Ձեր շարժման օրերին իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր և թաղման թափորը դին չէր կարողանում հասցնել եկեղեցի, որովհետև ճանապարհը փակել էին: Անկեղծ հարց եմ տալիս, էմոցիայի վրա չեմ խաղում, չեմ շահարկում, այս ո՞ւր ենք մենք հասել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Միաժամանակ, նա նշեց. «Անկախ նրանից ես որտեղ կլինեմ, անկախ նրանից` դուք որտեղ կլինեք, մենք դեռ միմյանց աչքերին նայելու խնդիր ենք ունենալու: Եկեք բաց աչքերով նայենք իրականությանը, եկեք հասկանանք, որ զոհասեղանին շատ կարևոր բան է դրված ու եթե ես արտահայտելու եմ դիրքորոշում` դա լինելու է իմ սկզբունքներին, համոզմունքներին, հավատամքին ու կամքին համահունչ»: