Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Իրանի փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը:
Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,- գրել է Փաշինյանը:
Ազգային ժողովում մայիսի 3-ին վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի՝ 41 պատգամավորի կողմից: Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այս անգամ ևս թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: