Ինչպես տեղեկացրել է Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն իր ֆբ-յան էջում, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին իրեն աշխատանքից հեռացնելու մասին։
Ըստ այդ ծանուցման, ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1 մասի 2-րդ կետով, 31.08.2011թ-ին անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծվել է 04.05.2018թ-ին:
Ըստ Անահիտ Ֆարմանյանի` իրեն աշխատանքից ազատել են վրեժխնդրությունից դրդված,- գրում է Հետքը։
Հիմք ընդունելով բուհում կատարվելիք կառուցվածքային փոփոխությունները` Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մայիսի 3-ին գրավոր ծանուցել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին աշխատանքից ազատելու մասին: Անահիտ Ֆարմանյանը ծանուցումը չի ստորագրել եւ պատրաստվում է դատական կարգով վերականգնել իր աշխատանքային իրավունքները:
Անահիտ Ֆարմանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: Բուհում աշխատում է 28 տարի, որից 8 տարին` պրոռեկտորի պաշտոնում: «Հետք»-ի հարցին, թե արդյո՞ք կանխատեսելի էր ռեկտոր Սահակ Մինասյանից նման որոշումը, տիկին Ֆարմանյանը նշեց, որ իրենից վրեժխնդիր են եղել, իսկ թե ինչի համար, զրուցակիցս չմանրամասնեց՝ խոստանալով աշխատանքից ազատման պատճառներին անդրադառնալ առաջիկայում: