ետխորհրդային երկրում ոչ ոք չէր սպասում, որ հնարավոր կլինի կարծրատիպեր կոտրել, իսկ ժողովուրդը կկարողանա իր թեկնածուին առաջադրել վարչապետի պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ «Մենք ունենք հատուկ կառույցներ, որոնք պետք է պարբերաբար ուսումնասիրեն հանրության կարծիքն ու հասկանան՝ որտեղ մենք ունենք խնդիրներ։ Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իրականացրած շարժման ժամանակ բակ առ բակ էին ակցիաներ իրականացնում։ Պետք է հասկանալ, որ որքան հասարակությունը անտեսված է, այնքան դա վտանգավոր է։ Անգամ չլիներ Փաշինյանը, լիներ մեկ այլ անձ, միևնույնն է, հասարակությունն էլի հավաքվելու էր»,- նշեց նա։
Խոսելով «Իմ քայլը» նախաձեռնության բաղադրիչների մասին՝ Ավետիսյանն ընդգծեց, որ հստակ կար կարգախոս, կար հիմն, որը ձևավորվեց և բավականին ակտիվ զարգացում ունեցավ, խորհրդանշան, որը կոշիկի հետքն է, որն ուղերձ է, որ անձը կարող է իր հետքը թողնել պատմության ձևավորման մեջ: Թե մորուքը, թե հագուստը շատ լավ մտածված քայլ էր, քանի որ ժողովուրդը ցանկանում էր իրեն նույնականացնել շարժման ղեկավարի հետ։ «Արտաքին իմիջը ճշգրիտ մշակված է։ Ինչ վերաբերում է վերբալ իմիջին, ապա հնչերանգներից, դադարներով խոսելիս՝երևում են մարդու խելքն ու միտքը։ Փաշինյանն օգտագործեց բոլոր տարբերակները»,- նկատեց «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահը և հավելեց, որ կարևոր էր նաև կինետիկ իմիջը, որն իրենից ենթադրում է մարդու վարքագիծն ու շարժումները։ PR-ի կարևոր դրույթներից մեկն այն է, որ պետք է հաղորդակցում ստեղծվի իշխանության և հասարակության, գերատեսչությունների և հասարակության, ԶԼՄ-ների և գերատեսչության միջև, այսինքն՝ պետք է հնարավորություն ստեղծել փոխհարաբերությունների մշակույթ ձևավորել։ PR-ը փաթեթավորման գործիք չէ, որպեսզի կեղծիքն ավելի լավ անկյունից ներկայացվի, այլ դրա հիմքում ճշմարտությունն է։