Տավուշի մարզպետի կողմից անազատ պայմաններում պահվող արջերի մասին բնասերներն ու կենդանապաշտպաններն ահազանգում են դեռ 2014թ.-ից: Օրերս՝ արդեն 2018թ.-ին, հրապարակվեց Կողբ գյուղում մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից վանդակում պահվող արջերի լուսանկարը: Կենդանիները պահվում են վերջինիս առանձնատան բակում, որը գտնվում է Կողբի անտառներում: Այս տարածքում մարզպետի հովանավորությամբ 2014թ.-ին կառուցվեց նաև Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ զբաղվում է ստացված ահազանգով և շուտով կհայտնի նոր տեղեկություններ դեպքի առնչությամբ: Այս մասին մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Նշենք, որ դեռ 2014թ.-ին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանին ուղղված Բնապահպանության նախարարության աշխատակազմի այդ տարիների ղեկավար Է. Փիրումյանի ստորագրությամբ նամակում ասվում է. «2009 թվականի հունիսի 26-ին հաստատվել է «Անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 725-Ն որոշումը: Մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարարություն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել»:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով և այլ կառույցների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակներում անազատ պայմաններից առավել բարվոք պայմաններ ապահովող ապաստարան են տեղափոխվել բազմաթիվ արջեր: Կենդանիների մի մասն ունեն լուրջ ֆիզիկական և հոգեկան շեղումներ տարիներ շարունակ վայրի կենդանուն անհամապատասխան պայմաններում պահվելու, սխալ սննդակարգի և այլ խնդիրների հետևանքով: Երևանի կենդանաբանական այգի և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխված կենդանիներն այսօր գտնվում են բազմակի անգամներ ավելի լավ վիճակում:
Հիշեցնենք նաև, որ փոփոխություններ են նախատեսվում նաև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որը ենթադրում է ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծում:
Նյութի աղբյուրը` econews.am