Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ես հասկանում եմ, որ հայրենադարձությունը մեկ օրում կայացվող և իրագործվող որոշում չէ, բայց ես կարծում եմ, որ մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ առաջնայինը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վերահաստատեց մոտեցումը, որ ՀՀ գոյության բարձրագույն իմաստը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր, մշակութային ներուժի հիմնական մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունը և բնական զարգացումն ապահովելն է: «Ահա սա է այն հայեցակարգը, որի իրականացումը ես պատկերացնում եմ համայն հայության ջանքերով: Ես սա համարում եմ այն ազգային գաղափարախոսության հենքը, որի մասին մենք մեր անկախությունից ի վեր այդքան խոսում ենք: Ես հույս ունեմ, որ այս գաղափարը ի վերջո կձևակերպվի որպես հայ ժողովրդի ազգային գաղափարախոսություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: