Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության առաջ դրել խնդիրներ է դրել, որոնցից առաջնայինը հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարն են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Մենք հենց այդ հարցերից ենք սկսելու»,-նշեց Օսիպյանը:
Անդրադառնալով նախորդ օրերին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերին` Օսիպյանն ասաց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և, եթե կան նման դեպքեր, մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն:
Լրագրողները հետաքրքրվեցին` պաշտոնանկ կանի՞ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին` հաշվի առնելով քաղաքացիների մոտ առկա դժգոհությունները նրա գործողություններից: Ոստիկանապետն ընդգծեց, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում միշտ լինում են: «Ես նորից եմ կրկնում, եթե ապացուցվի, որ որևէ մեկն օրենքից դուրս է գործել, կլինի դա Երանոսյանը, թե գնդապետ Օսիպյանը, օրենքի առաջ բոլորը հավասար են և պատասխանատվություն պետք է կրեն»,- ընդգծեց ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկն Օսիպյանի համար անսպասելի է եղել: Թե ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը հենց նրան ընտրել ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու համար, Վալերի Օսիպյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել վարչապետին: «Մենք ողջ աշխարհին ցույց կտանք, որ ոստիկանությունը Հայաստանում կանգնած է ժողովրդի կողքին, իսկ այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Հայաստանում, պետք է բոլորի համար օրինակ լինի»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ-ում ոստիկանությունը միշտ էլ ժողովրդի կողքին է եղել, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ոստիկանությունը կարող է և պետք է ավելի շատ ժողովրդի կողքին լինի:
Վալերի Օսիպյանը չմոռացավ նաև հրապարակային ներողություն խնդրել այն քաղաքացիներից, ովքեր, միգուցե, տուժել են իր գործողությունների հետևանքով: Ոստիկանապետը նաև շնորհակալություն հայտնեց այս օրերին իրեն քննադատողներին, քանի որ հենց այդ քննադատությունների շնորհիվ են իրենք բարեփոխվում: «Ես իմ գործունեության ընթացքում ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, անգամ մեր քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժ եմ կիրառել օրենքի սահմաններում: Եթե կան քաղաքացիներ, որոնց նկատմամբ անհամաչափ են եղել իմ գործողությունները կամ կան մարդիկ, ովքեր տուժել են, ես ներողություն եմ խնդրում: Նաև շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր քննադատում են ինձ, որովհետև նրանց շնորհիվ է, որ մենք բարեփոխվում ենք»,- ընդգծեց Օսիպյանը:
Հարցին, թե ի՞նչ ժառանգություն է իրեն թողել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ ոստիկանությունում բարեփոխումներ են տեղի ունենում, սակայն դրանք փուլային էին, քանի որ զանգվածային միջոցառումներն ավելի շատ էին, իսկ ժամանակը քիչ էր, որ մենք կարողանայինք զբաղվել բարեփոխումներով: Մենք ավելի շատ զբաղված էինք լինում զանգվածային միջոցառումներով` ցույցերով, երթերով, տարբեր այլ միջոցառումներով, իսկ անձնակազմի հետ հիմնականում այս ուղղություններով էինք աշխատանքներ տանում: Հիմա մենք այդ բարեփոխումներն ավելի զգալի պետք է դարձնենք»: Ի դեպ, Օսիպյանը տեղեկացրեց, որ նախկին ոստիկանապետն իրեն շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Մայիսի 10-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Վալերի Օսիպյանը 2009 - 2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։