«Ժողովրդի հավաքվելը, փողոց դուրս գալը ի՞նչ էր նշանակում, դժգոհություն կար չէ՞, հո իրենց կայֆի համար չէի՞ն եկել: Եկել էին, որովհետեւ դժգոհություն կար եւ միանգամից ոտքի կանգնեցին: Ո՞վ էր պատկերացնում սենց բան:

Հլը մի քանի ամիս ա անցել ընտրություններից, որտեղ ՀՀԿ-ն էդքան ձայն էր հավաքել: Ամբողջ աշխարհը գովաց, որ Հայաստանում սենց ընտրություն չէր եղել: Ո՞վ կպատկերացներ, որ ժողովուրդը սենց միանգամից ոտքի կկանգնի, բայց կանգնեց չէ՞: Ամեն ինչը պետք է քննարկենք, նենց բաներ կան, որ չէինք տեսնում: Էսօր պետք է չարածների համար սաղ վերլուծական դնենք նայենք, թե որտեղ ա եղել թերությունները»,- այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

 

Հարցին՝ այդ հարցերը քննարկել են ՀՀԿ-ում, պատգամավորը նշեց. «Չենք քննարկել: Ընդամենը ասել ենք, որ չենք խանգարելու կառավարությանը, պետք եղած դեպքում՝ օժանդակելու ենք: Նախագահն ասել ա, որ չենք խանգարելու: Մարդիկ, եթե լավ բան կարան անեն ազգի համար, թող անեն»:

Անդրադառնալով հարցին՝ հիմա իրենց ընդդիմությո՞ւն են համարում, Սարոյանը պատասխանեց. «Ես ե՞րբ եմ իշխանություն եղել: Հոգուդ մեջ պտի ժողովրդի հետ լինես, ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանություն: Իշխանությունը լինես, պետք է լավ բան անես ժողովրդի համար, ընդդիմություն լինես, էլի պտի լավ բան անես ժողովրդի համար: Պիտի անունդ գրես ընդդիմություն, որ բա՞ն ստացվի մոտդ, կամ պիտի գրես՝ իշխանություն, որ քո ժողովրդի մասին մտածե՞ս», հավելեց նա: