ՀՀ նորանշանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում ամփոփել է պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նշել է, որ առաջին օրը բավական լարված է եղել, քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
«Քննարկումները ցույց տվեցին, որ անելիքները շատ են և կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ուզում եմ զեկուցել, որ աշխատանքը սկսվել է»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը առաջնահերթ է համարել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաև ավարտական, միասնական քննությունները:
«Գործեր կան, ամեն ինչ լավ է լինելու, բոլոր խնդիրները լուծվելու են և մեր կրթական համակարգը օրեցօր բարելավելու է: Դուք դա տեսնելու եք»,-նշել է ԿԳ նախարարը:
Մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրթության և գիտության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը: