ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Վարչապետը շնորհավորել է նրանց՝ կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ: Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ: Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում և այդ առումով կարևորել հանրության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը:

 

«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում և մեր կարևորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը: Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ: Էական չէ, թե ինչ է մինչ այս Հայաստանի Հանրապետությունում նշանակել լինել նախարար կամ փոխվարչապետ, հիմա դա պետք է նշանակի բոլորովին այլ բան, էական չէ՝ ինչ է մինչ այս պահը նշանակել ՀՀ վարչապետ, ես հույս ունեմ, որ դա մայիսի 8-ից նշանակում է բոլորովին նոր բան»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին շնորհակալություն է հայտնել կառավարության կազմում ընդգրկվելու համար և նշել, որ այսպիսով ձևավորվել է համաձայնության կառավարություն: «Գիտենք, որ կառավարության կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց կառավարությունը պետք է գործի որպես թիմ, հակառակ դեպքում՝ մենք չենք կարող լինել արդյունավետ, և ես ինձ համարում եմ երաշխավոր, որ կառավարությունն այդպես էլ կգործի: Հույս ունեմ, որ այստեղ ունենք լիարժեք և փոխադարձ ըմբռնում»,- ասել է վարչապետը:

 

Գործադիրի ղեկավարն առաջիկա կարևոր խնդիրներից է համարել կառավարության ծրագրի մշակումն ու ներկայացումն Ազգային ժողովին: «Խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուր նախարար իր ոլորտի ուղղությամբ ժամ առաջ սկսի կառավարության ծրագրի մշակման աշխատանքները: Իհարկե, այդ ծրագիրը պետք է լինի լավատեսական, արտահայտի այն բոլոր հույսերը, որոնք ՀՀ քաղաքացիները կապում են կառավարության գործունեության հետ: Մենք պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը և անցնենք աշխատանքի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության հետագա գործունեությանը, միջնաժամկետ ծախսային ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցերի: