Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Այս մասին Փաշինյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով կառավարության կազմում երիտասարդ կադրերի հետ կապված քննարկումների մասին հարցին: «Իմ մասին էլ են ասում անփորձ է, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Եվ փորձվածները, և անփորձները անփորձ են նախարար լինելու մեջ և ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է. համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին պաշտոնյաների ու նախարարների մասով, արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-վստահություն հայտնեց Փաշինյանը:
 
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Նոր կառավարության կազմում շատ են հանրությանն անհայտ դեմքերը:
 
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: