Հայաստանում «Կնորադ Ադենաուեր» հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու թավշյա հեղափոխությանը, նշեց որ ինքը խուսափում է տեղի ունեցած գործընթացները հեղափոխություն անվանել և այս եզրույթը հստակ գործածելու համար նախ որոշակի ժամկետներ են անհրաժեշտ, որոնք մեզ համար պետք է լինեն սպասումի ժամանակներ. «Նախ պարզել է պետք՝ արդյո՞ք կատարվածը հեղափոխություն էր, թե՝ ոչ: «Դեռևս կատարվում է Կառավարության ձևավորումը, թե ինչ կլինի հետո՝ պարզ կդարձնի՝ կատարվածը հեղափոխություն էր, թե՝ ոչ: Ողջունում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, կատարվեց խաղաղ ճանապարհով, և մեր հիմնադրամը, որը 10 տարուց ավելի է՝ ներկայացված է Հայաստանում, հետևում է շատ ակտիվ ընթացող ներքաղաքական զարգացումներին և հուսամ՝ Հայաստանի հետ մեր հետագա համագործակցությունը տեղի կունենա ավելի մեծ թափով»,-ասաց դոկտոր Շրապելը՝ հրաժարվելով գնահատականներ տալ նոր կառավարության կազմին և իրականացված կադրային փոփոխություններին: 

 

Շրապելի խոսքով՝ ՀՀ-ն միջազգային համայնքի համար մշտապես վստահելի  գործընկեր է եղել և հուսանք, որ այս ներքաղաքական զարգացումներից հետո միջազգային հանրության համար վստահելի գործընկերոջ տիտղոսը ևս մեկ քայլով առաջ կտանի: 

«ՀՀ-ն, հանդիսանալով ԵԱՏՄ-ի անդամ պետություն, միևնույն ժամանակ՝ ունի երկկողմանի համաձայնգիր ԵՄ հետ և հուսամ, որ այս կարգավիճակով ներկայանալի է ամբողջ միջազգային հանրության առջև»,-ասաց «Կնորադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ իրականացրած իշխանափոխության գործընթացից հետո էլ միջազգային արենայում Հայաստանի վարկանիշը կշարունակի բարձր մակարդակի վրա մնալ: 

Վերջում թոմաս Շրապելին խնդրեցինք գնահատել ժողովրդական ընդվզման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ թե՛ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, թե՛ որպես նոր կառավարության ղեկավար. «Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատականներ տալ չեմ կարող, չեմ ճանաչում նրան. ակտիվ հետևել եմ ընթացող իրադարձություններին և գտնում եմ, որ դեռևս գնահատականներ տալ պետք չէ, դեռ պետք է սպասել, տեսնել, թե նա ինչպես կդրսևորի իրեն որպես վարչապետ: Ես քաղաքական հիմնադրամ եմ ներկայացնում և կարող եմ վստահաբար հայտնել, որ ժողովրդավարության հիմնասյուն է համարվում  Ազգային ժողովը և յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր ժողովրդական որոշում պետք է ընդունել՝ հարգելով պետական մարմինները և Ազգային ժողովը»,-ասաց մեր զրուցակիցը:

Աղավնի Սուքիասյան