Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով առաջարկվում է առավել լայն հնարավորություններ տալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:
Մասնավորապես, կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո առաջարկվում է պաշտպանին վստահել ավելի լայն գործառույթներ․ օրինակ՝ զինծառայողի մերձավոր ազգականն այսուհետ կկարողանան առանց լիազորագրի (ինչը նախկինում պահանջվում էր) դիմել պաշտպանին, մյուս փոփոխությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանն այս որոշմամբ կկարողանա ավելի անկաշկանդ գործել, կկարողանա դիմել պետական տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պարզաբանումներ ստանալու համար, ինչը նախկինում սահմանափակված էր։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օպերատիվ հետախուզական գործողություններին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը չեղարկել, առաջարկվում է այս դրույթը տարածել նաև կառավարության անդամների վրա: Նշենք, որ նման իրավունք չունեն պատգամավորները։
Հարցի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց՝ արդյո՞ք այս նախագիծը ստեղծում է համապատասխան մեխանիզմ՝ օրինակ պատժախցում գտնվող զինվորի համար, որ նա կարողանա իր բողոքը հասցնել Մարդու իրավունքների պաշտպանին։
Ի պատասխան հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցը կարգավորված է օրենքով և ինչպես պատժախցում գտնող զինվորը, այնպես էլ դիրքերում գտնվող զինվորը կկարողանան ցանկացած չարաշահման մասին հայտնել Մարդու իրավոնքների պաշտպանին՝ փակ ծրարով։
Հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ նկատեց, որ Մարդու իրավունքների պաշտպանին գործելու առավել լայն իրավական հնարավորություններ տալով՝ նպատակ կա օմբուդսմանին ավելի ազատականացնել, հնարավորություն տալ հատուկ վայրերում իրավունքների խախտմանն ավելի արագ արձագանքել և դա կարող է անել նաև այն քաղաքացին, ում իրավունքը ոտնահարվել է, և նրա ազգականը։
Մախմուդյանը նկատեց, որ զինվորները կարող են զանգահարել 1-16 հեռախոսահամարով և այս թեժ գծի միջոցով ահազանգել ու տեղեկացնել ցանկացած խախտման մասին։
Բագրատյանն էլ առաջարկեց, որ բոլոր զորամասերի մուտքի մոտ փակցվի 1-16 հեռախոսահամարը և որ դա աշխատի ոչ այնպես, ինչպես գործող բազմաթիվ թեժ գծեր։
Աղավնի Սուքիասյան