ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մինչ պատգամավոր ընտրվելը երկար տարիներ աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահի պաշտոնում:
Թավշյա հեղափոխության հանրահավաքների ժամանակ այս ընկերության աշխատակիցները ևս մեծ աղմուկով միացան հանրահավաքներին: Նրանք գրասենյակի տարածքից հանել էին բոլոր այն լուսանկարները, որոնցում պատկերված էր Սերժ Սարգսյանը, թեպետ ընկերության տնօրենը սերտ հարաբերություններ ուներ Սերժ Սարգսյանի հետ և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է:
Հավանաբար, բողոքի ակցիաների կազմակերպան գործում մեծ է եղել Մանե Թանդիլյանի ազդեցությունը, ով մինչ այսօր էլ չի դադարում այդ ընկերությունում հեղինակություն մնալ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, Մանե Թանդիլյանը մինչ օրս պայմանագրային հիմունքներով աշխատում է այդ ընկերությունում և ստանում 500.000 դրամ աշխատավարձ:
Նշենք, որ պատգամավորը, նախարարը չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
ԼՈւՐԵՐ.com-ը հարցի առնչությամբ փորձեց տեղեկություն ստանալ նաև տնօրեն Հովիկ Մուսայելյանից, սակայն վերջինս ասաց, որ հանձնաժողովի նիստի է, ինչը դեռ մի քանի ժամ կտևի: