Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Վիգեն Սեփիլյանը շեշտել է սփյուռքահայ բժիշկների հետաքրքրվածությունը Հայաստանում համակարգային փոփոխությունների հանդեպ ու պատրաստակամությունը՝ հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով:

 

«Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել Հայաստանում իրականացվելիք տարբեր նախագծեր, ծրագրեր, ուստի կարիք կա դրանք համատեղ համակարգելու: Այս հարցում ակնկալում ենք նախարարության ուղղորդումը՝ դրանք առավել արդյունավետ և նպատակաուղղված իրականացնելու համար: Նոր կապերի առջև դուռը բաց է», - ընդգծել է ԱՄԻԿ նախագահը:

 

Համաձայնելով ասվածի հետ' առողջապահության նախարարը նշել է. «Իրականում լուրջ խնդիր է, երբ նույն նախագծերը տարբեր կազմակերպություններ են իրականացնում: Ուստի, անհրաժեշտ է համատեղել քայլերը' թերևս ներգրավելով ոլորտի հասարակական կազմակերպություններին»:

 

Ուրվագծելով 2018-2019 թվականների անելիքները' Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է, որ Սփյուռքի մի շարք օջախներում կազմակերպվելու են համաժողովներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների հանդիպումներ և խնդրել հնարավորության դեպքում մասնակցել դրանց:

 

Նախարար Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ոլորտին առնչվող ամենատարբեր նախագծեր, ինչպես նաև օրակարգում պահել 2019թ. Երևանում Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի համագումարի կազմակերպմանն առնչվող հարցերը:

 

Կոմիտեում լիահույս են, որ նախարարն իր ներդրումը կունենա Սփյուռքի և Հայաստանի բժիշկների փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման, նոր ծրագրերի իրականացման և կարիքների ճիշտ գնահատման գործում:

 

Նախարար Թորոսյանն իր հերթին շեշտել է, որ առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագրերում մեծապես կարևորվում է Սփյուռքի դերը: