Վերջին երկու տարվա ընթացքում ստվերի դեմ պայքար իրականացվել է և բավականին արդյունավետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը խոսել է ստվերից եկամուտները դուրս բերելու մասին:
Նա նշեց՝ չի կարող պնդել, որ այդ պայքարը եղել է ամբողջական կամ համապարփակ, սակայն նշեց՝ ստվերի դեմ պայքարն աշխարհում առօրեական խնդիր է և մշտական եկամուտների քաղաքականությամբ զբաղվող մարմինների հսկողության ներքո. «Բավականին մեծ պայքար ստվերի դեմ՝ եղել է: Նոր իրողություններից հետո ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել, որի մասին էլ ասաց վարչապետը»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ կա՞ն գործարարներ, որոնք ստվերային դաշտում են գործում և որոնց հասցրել են ֆիքսել, նորանշանակ նախարարն ասաց, որ իր պաշտոնավարման 6-րդ օրն է հետևաբար անուններով տեղեկատվություն չի կարող տալ. «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն կներկայացնի հարկ վճարողի հաշվառման համարներով, որովհետև մենք մականուններով հաշվառում չենք վարում: Խոստանում եմ պաշտոնավարման 100-րդ օրը ավելի հիմնավոր տեղեկատվություն ներկայացնել: Ռիսկերի գնահատման հատուկ համակարգի և օպրատիվ տեղեկատվության մշակման հիման վրա բացահայտվում են ձեր մատնանաշած տնտեսվարողները»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանն ընդգծեց՝ չպետք է լինեն արտոնյալներ: