Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հրապարակեց կոռուպցիայի դեմ խոստացված եւ ազդարարված պայքարի առաջին կոնկրետ տեղեկությունը, որն առնչվում էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Ընկերությունը ստեղծել է ՊԵԿ նախկին ղեկավարությունը՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ: Դրա շնորհիվ Վարդան Հարությունյանը փաստացի «լուծում տվեց» տարիներ շարունակ անլուծելի թվացող «կարգոների» խնդրին, որոնք իրականացնելով փոքր ու միջին առեւտրով զբաղվողների ապրանքների ներկրումն արտերկրից ու մաքսազերծումը Հայաստանում, աշխատում էին տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ բյուջե վճարում ընդամենը դրա չնչին մասը:
 
ՊԵԿ-ում այս ընկերության ստեղծումը բացատրում էին ոլորտում կարգուկանոն հաստատելու ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մոտիվացիայով: Մինչդեռ պարզվում է, որ նախկին կառավարությունը ոչ թե հակակոռուպցիոն գործունեություն է ծավալել, այլ ընդամենն իր մերձավորների միջոցով կոռուպցիոն հոսքերի վերաբաշխում է կատարել: «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ը, ինչպես և Հայաստանում գրանցված մի շարք այլ ընկերություններ՝ օֆշորային ծագում ունի և կապված է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության հետ: Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահ Արմեն Ունանյանն է, որին, ի թիվս ընկերության այլ երեք աշխատակիցների, կալանավորելու որոշում է կայացվել: ԱԱԾ-ն հայտարարել է, որ անցյալ տարի ստեղծված և մաքսազերծման բացառիկ մենաշնորհ ունեցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը պետական բյուջե չի վճարել 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Հնարավոր է, որ սա պետությանը պատճառած ամբողջական վնասը չէ:
 
Այսպես կոչված՝ «գազավիկների» խմբավորումը, Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, ազդեցիկ պետական պաշտոններ գրավեց Կարապետյանի կառավարության օրոք, և ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ կառավարության որոշումներով հարկային արտոնություններ էր սահմանում իր մերձավորների բիզնեսների համար: Փաստացի, Վարդան Հարությունյանի գլխավորած կառույցի հովանու ներքո ստեղծվել էր նոր մոնոպոլիա: Բոլորս հիշում ենք, թե վարչապետ դառնալուց հետո Կարեն Կարապետյանն ինչպիսի հետևողականությամբ էր պայքարում ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում իր մերձավորին կարգելու համար: Կասկածից վեր է, որ Վարդան Հարությունյանն էլ այդօրինակ կառույց չէր ստեղծի եւ չէր աշխատեցնի, եթե չունենար վերադաս ղեկավարության անմիջական հավանությունը, քանի որ խնդիրն առնչվել էր նաեւ Հայաստանում հաստատված տնտեսա-քաղաքական համակարգ-կարկանդակի պատկառելի կտորի: Ուշագրավ է, որ ՊԵԿ նախկին նախագահը ժամանակին անձամբ էր հանրությանը հավաստիացրել, որ ընկերությունը գործում է արդյունավետ և ստեղծումից երեք ամիս անց արդեն իսկ պետբյուջե 1,8 միլիարդ դրամի ԱԱՀ-ի հարկ էր վճարել, ինչպես երևում է՝ դրա կրկնակին էլ թալանվել է պետական բյուջեից: Հետևաբար, ակնհայտ է, որ գործի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է, որպեսզի չգործի նախկին իշխանությունների համար սովորական դարձած սխեման, երբ «գլխից բռնելը» տաբու էր և բոլոր մեղավորները կրեն օրենքով սահմանված պատիժը:
 
Որքան հեռուն կգնա ԱԱԾ-ն՝ բավական բարդ է ասել. դա կախված է նաեւ նրանից, թե որքան սկզբունքային կլինի նոր քաղաքական իշխանությունը՝ համակարգի փոփոխության օրակարգի հարցում: Ընդ որում, ակնհայտ է, որ այստեղ հանրությունն ակնկալում է ոչ միայն կամ ոչ այնքան փողային ծավալներ և սխեմաների նկարագրություն, այլ շատ կոնկրետ անուններ, թե բացահայտված որ դերի թիկունքում ով է կանգնած և որտեղ է նա, ինչպես նաև նրանց կողմից թալանված գումարների վերադարձը պետական բյուջե:
 
Ստելլա Խաչատրյան