«Նախկին արատավոր երևույթները չեն լինելու, իմ ընկերներն ու հարազատները չեն լինելու արտոնյալներ»,- այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ Պետական վերահսկողության ծառայությունն իր առաջին ստուգումները կսկսի բուհերից. «Առաջիններից լինելու է ԵՊՀ-ն ու պետական մի շարք այլ բուհեր, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը: Այս ամենը որոշելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեղափոխության ժամանակ շատ ակտիվ են եղել ուսանողները եւ նրանք առաջիններից մեկը պետք է զգան հեղափոխության արդյունքները»,- ասաց Սանասարյանը:

 

Սանասարյանն ասաց՝ դիմել է հանրությանը, թե որ ոլորտներից կցանկանային, որպեսզի իր ղեկավարած կառույցը սկսեր աշխատանքը. «Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետևողական եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում հասնելու եմ նրան, որ ասեմ՝ «հաջողություն, կոռուպցիա՛, դու այլևս չկաս»»,- նշեց Սանասարյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչ սկանդալային բացահայտումներ են սպասվում, արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, նորանշանակ պետը պատասխանեց. «Այդ մասին խոսելու եմ կոնկրետ ասուլիսի ժամանակ, այս պահին ձեռնպահ կմնամ: Այժմ չեմ պատասխանում հարցերին, որոնք վերաբերվում են իմ գլխավորած ծառայությանը»,- նշեց Սանասարյանը: