«Այն, ինչ մենք հայտարարել էինք, որ վենդետաներ չեն լինելու, վերահաստատում եմ, բայց հանկարծ որևէ մեկը չփորձի սա ընկալել որպես թուլության նշան։ Այսինքն՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող ստուգումներին։

Ըստ Փաշինյանի՝ կատարվողը  օրինականության հաստատման գործընթացի շրջանակներում է։ 

 

Նշենք, այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Մամուլի փոխանցմամբ՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթի»-ներում գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգ»-ի ՀԴՄ-ով, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երեւան սիթի»-ում առեւտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչեւ 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է՝ 20% հարկ պետք է վճարի: