Երևանի պետական համալսարանի տարածքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու Արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում: Ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը դեռևս Սերժ Սարգսյանն է, հետևաբար «Մերժիր Սերժին» կարգախոսը առնվազն ԵՊՀ ուսանողների համար մինչ օրս ակտուալ է: Նոր կառավարության անկյունաքարային ուղղություններից մեկը կրթական համակարգի բարեփոխումն էր, որի մեջ մտնում էր նաև ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացումը: Դրա անհրաժեշտությունն առկա է, քանի որ տարիներ շարունակ ԵՊՀ-ն վերածվել էր իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի «դուքյանի», ինչը որևէ կերպ չէր նպաստում կրթական գործընթացի արդյունավետ կազմակարպմանը:
 
Մինչդեռ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի ցանկանում նայել իրականության աչքերին և շարունակում է պնդել, որ հրաժարականի հիմքեր բացարձակապես չունի: Գուցե Սիմոնյանի մոտ մեկ անգամ էլ մտքի փայլատակում լինի, և նա՝ սկիզբ առած շարժումը կապի Սորոսների հետ, այսինքն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից: Բանը հասել է նրան, որ ԵՊՀ-ը ռեկտորը, քանի տարի է` չի էլ ժխտում մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր օրոք համալսարանում կաշառակերությունը ծաղկունք է ապրում: Դե մարդը ձեւը գտել է` «հա, գիտեմ, որ կա» ու քաշվում է մի կողմ: Մեկ-մեկ, ճիշտ է, հայտարարում է, որ պայքար է մղում դրա դեմ, բայց որեւէ մեկն այդպես էլ այդ պայքարը չտեսավ: Սակայն բոլորս շատ լավ տեսանք, թե ինչպես է Սիմոնյանը պայքարում «անցանկալիների» դեմ:
 
Միևնույն ժամանակ, նա չի կարող չգիտակցել, որ ԵՊՀ-ն իրապես ունի ռեսթարթի կարիք, հակառակ դեպքում, դանակը ոսկորին հասցնելու, զոռբայության պարագայում ԵՊՀ-ից սկիզբ կառնի թավշյա հեղափոխության նոր փուլը, հատկապես, որ ապրիլ-մայիս ամիսների քաղաքական շրջադարձային գործընթացի միջուկը եղել է ուսանողությունը: Իրադարձությունների նման զարգացումը մարտավարական առումով բխում է Հայաստանի նոր վարչապետի և կառավարության շահերից, որոնց համար կենսական է հեղափոխական ռեժիմի պահպանումը՝ առնվազն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
 
 
Ստելլա Խաչատրյան