«Դա ինձ բացարձակ չի մտահոգում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալու հանգամանքին:

ՀՀԿ-ականների շարքերը գնալով նոսրանում են, սա նշանակում է, որ այն կարող է դիրքերը կորցնել՝ փոքրամասնություն դառնալով խորհրդարանում: Այս դիտարկմանը Կոստանյանը չհամաձայնեց.«Բոլոր դեպքերում, եթե նկատել եք՝ հատկապես սահմանադրական օրենքները 3/5-ով են ընդունվում, հետևաբար, խմբակցության պատգամավորների քանակը պիտի շատ քչանա, որ մենք խոսենք դիրքերը կորցնելու մասին։ Բայց, իմ խորին համոզմամբ, վիճակն այդպիսին չէ»,-նշեց նա։

Հարցին` պատրաստվո՞ւմ է դուրս գալ խմբակցությունից և ի՞նչը կստիպի նրան լքել խմբակցությունը, Կոստանյանը նշեց, որ դա կլինի միայն այն դեպքում, եթե որոշի լքել խմբակցությունը. «Եթե կուսակցական լինեի ու լքեի խմբակցությունը, մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով: Անկեղծ ասած՝ լքելու մասին չեմ էլ մտածել, կարծում եմ՝ ոչ մի դեպքում այդպես չեմ անի։ Ուզում է՝ մեկ հոգի մնա, ես երկրորդը կլինեմ հաստատ»,- ընդգծեց պատգամավորը: