ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը օրերս հայտարարեց Հանրապետական կուսակցության շարքերը լքելու և խմբակցությունից դուրս գալու մասին, տեղեկացնելով, որ սրանից հետո կքվեարկի կուսակցությունից ու խմբակցությունից ազատ: Արթուր Գևորգյանը ՀՀԿ նշանային ֆիգուրներից առաջինն էր, ով հայտարարեց կուսակցությունն ու խմբակցությունը լքելու մասին: Ընդ որում, առանցքայինը թերևս ոչ այնքան նրա հեռանալն է, որքան ձևակերպումը, որ կուսակցության մեջ չի տեսնում առողջացման գործընթաց: Ի տարբերություն ՀՀԿ-ական օլիգարխների, որոնք լքեցին խմբակցությունը՝ ցանկանալով ապահովագրել իրենց բիզնեսը և կապիտալը, Գևորգյանի հեռանալն իր մեջ շատ ավելի լրջագույն՝ գաղափարական մեսիջ է պարունակում:
Բացի այդ, եթե օլիգարխիկ թևի դուրս գալը ՀՀԿ-ից ինչ-որ տեղ նույնիսկ դրական ազդակ կարող է դառնալ այս կուսակցության համար, քանի որ ՀՀԿ մաքրվում է այն տարրերից, որոնք այսպես թե այնպես գաղափարական առումով իր հետ որևէ առնչություն չունեին և ընդամենը նյութատեխնիկական աջակցություն էին ցուցաբերում՝ համապատասխան տնտեսա-քաղաքական երաշխիքների դիմաց, Գևորգյանի հեռանալը նախկին իշխանությունների համար պետք է համարել լրջագույն կորուստ, հատկապես, որ նման երիտասարդ և հայրենասեր գործիչների առատությամբ ՀՀԿ-ն պարծենալ չի կարող: Կորուստ է նաև այն առումով, որ Գևորգյանը ՀՀԿ-ի ամենամեծ հեղինակությունը վայելող գործիչն էր Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ մինչ պատգամավոր դառնալը սիրված ու հարգված թաղապետ է եղել:
Քչերին է հայտնի, որ Արթուր Գևորգյանը՝ փառապանծ ուղի անցած և մեր պետության համար իր կյանքը նվիրաբերած, զոհված ազատամարտիկ Սամվել Գևորգյանի որդին է, և դժվար էր պատկերացնել, որ այս վճռորոշ պահին նա կարող էր այլ որոշում կայացնել՝ քան կանգնել ժողովրդի կողքին՝ կոչ ուղղելով իր նախկին կուսակից ընկերներին՝ վեր լինել նեղ թիմային շահերից, կարևորել Նոր Հայաստանի ընտրած ուղին և ներքաղաքական խաղեր չտալ:
Անկախ ՀՀԿ-ից դուրս գալու հանգամանքի, կասկած չկա, որ Գևորգյանը չի «կորի» Նոր Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ գաղափարական, հայրենասեր և սկզբունքային գործիչների կարիք այսօր զգացվում է՝ ավելի քան երբևէ…