«Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի կյանքը հայ ժողովրդի շնորհիվ լիովին փոխվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարանկիցեն այս մասին ասաց Հայաստանում 2018-ի հերոսների՝ հարյուրավոր հանդիսատեսի հետ հանդիպմանը:
«Երբ ես կորցրեցի իմ հայրենիքն ու ամեն հույս, հայ ժողովուրդը երևան եկավ: Հայերը Բուրունդիի փախստականներին կյանք ու հույս պարգևեցին, արժանապատվություն հաղորդեցին»,-ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը:
Մարգարիտ Բարանկիցեն հիմնել է Խաղաղության խնամքի տունն ու REMA հիվանդանոցը՝ երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու համար: Նա իր կյանքը նվիրել է դաժանությունից ու բռնությունից փախչող երեխաներին ապահով օթևան ու կրթություն տալու գործին: Հազարավոր մարդկանց կյանքի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար ստացել է «Ավրորա» մրցանակը և 1 մլն դոլար:
Երբ նվիրվել է այդ գործին՝ շատ երիտասարդ է եղել: Շատերն ասել են, որ նա խենթ է: «Ես ընդամենը 24 տարեկան էի և ցանկանում էի պայքարել հասարակության մեջ անարդարության դեմ: Սակայն ես գիտակցում էի, որ սերը կհաղթի»,-նշեց Մարգարիտ Բարանկիցեն:
Երբ Բուրունդիում պատերազմը նոր էր բռնկվել՝ նա հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել հութու ցեղին պատկանող 72 ամենամոտ հարևաններին: Նրանց բոլորին, սակայն, գտել են և տեղում սպանել՝ Մարգարիտին ստիպելով դառնալ ոճրի ականատեսը: Այդ սոսկալի փորձությունից հետո նա սկսել է փախստականներին ու երեխաներին փրկելու և խնամելու իր գործունեությունը: Հաջորդ 20 տարում նրան հաջողվել է փրկել և կրթության տալ մոտ 30 000 երեխայի, իսկ 2008-ին նա հիմնադրել է հիվանդանոց, որտեղ արդեն բուժում է ստացել ավելի քան 80 000 մարդ: «2015-ին ես ստիպված էի լքել իմ երկիրը՝ իմ հիմնած դպրոցն ու կառուցած հիվանդանոցը: Սակայն ինձ ասացի, որ երբեք չպետք է հանձնվեմ: Եվ հայ ժողովրդի շնորհիվ ես կրկին հավատում եմ»,-ասաց Մարգարիտ Բարանկիցեն ու շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին:
2016-ի ապրիլի 24-ին Մարգարիտ Բարանկիցեն դարձել է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը:
«Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում: «Ավրորա» 2018-ը կկայանա հունիսի 10-ին: