Ադրբեջանական մամուլը սովորականի պես ոչ ադեկվատ է արձագանքել հայկական կողմի մարդասիրական քայլին, որով որոշ քաղաքացիների թույլ է տրվել մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։
Ի դեպ, դա արվել է հենց ադրբեջանական կողմի խնդրանքով: Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Քանի որ արևմտյան հարևանները անչափ հեռու են մարդասիրություն հասկացությունից, իսկ սեփական հանրությանը հեքիաթներով կերակրելու հարցում ավելի քան հմուտ, ադրբեջանական մամուլը առանձնահատուկ էյֆորիայով շտապեց դա ներկայացնել իբրև ադրբեջանական ԶՈւ-ի նոր «փայլուն հաղթանակ, և ավելի քան 11 հզ. հեկտար տարածքի ազատագրում հայկական օկուպացիայից»: Գյուննութ բնակավայրն ու հարակից ռազմավարական բարձրունքները մեր հարևանների վառ երևակայության մեջ նույնպես անցել են նրանց վերահսկողության տակ:
Հրապարակված լուսանկարներում ի դեպ, ընդամենը երևում է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ ծաղիկներ դնում վերոնշյալ բնակավայրի գերեզմանատեղիում և աղոթք անում:
Հարց է առաջանում, ինչո՞ւ է նման փայլուն «ազատագրումից» հետո ընդամենը 10-20 քաղաքացու մոտ հարազատների շիրիմներին այցելելու հոգու կանչ առաջացել...: