Այսօր՝ հունիսի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սեֆիլյանի ազատության համար երաշխավորագիր են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, իսկ Սաֆարյանի և Պողոսյանի համար երաշխավորագիր ներկայացվել էր դեռ անցած շաբաթ:
Խորհրդակցական սենյակ գնալուց և վերադառնալուց հետո դատարանը հայտարարեց, որ միջնորդությունների մասով որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին, երբ տեղի կունենա հաջորդ նիստը:
Ավելի ուշ Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, նշեց, թե այսօրվա դատական նիստից եզրահանգման եկավ, որ ամենայն հավանականությամբ, զարգացումները կընթանան ի օգուտ Սեֆիլյանի և մյուսների:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գևորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: