«Մենք երբեք որևէ միավորումում կամ դաշինքում աղքատ բարեկամի կարգավիճակում չենք եղել և չենք էլ լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով «Հանրապետություն» կուսակցության կարգավիճակի մասին:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցությանը, Սարգսյանը նշեց.
«Որևէ տարբերակ այս փուլում բացառել չենք կարող: ԵԼՔ -ը և՛ խորհրդարանում, և Երեւանի ավագանիում աշխատում է համագործակցությամբ, առանց որևէ պրոբլեմի։ Մարդկային առումով էլ խնդիրներ չկան: Ինչպես նախկինում՝ Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, բայց քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն և ժամանակը ցույց կտա՝ ԵԼՔ դաշինքը միասնակա՞ն կգնա, առանձի՞ն, թե՞ կուսակցություն կդառնա։ Բոլոր տարբերակներն էլ քննարկման թեմա են»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ կուսակցություններն իրենց ներսում պետք է սկսեն քննարկումներ, որից հետո պարզ կդառնա, թե ինչ ձևաչափով կգնան ընտրությունների: Նա նաև չբացառեց ընտրություններին առանձին գնալու տարբերակը. ««Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր արդեն համաժողովրդական շարժումից հետո բոլորովին այլ կարգավիճակում է։ Կուսակցություններն իրենց ներսում պետք է քննարկեն իրենց կարգավիճակները և ըստ այդմ էլ կշարժվեն»,- նշեց նա։