Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով արցախյան իրադարձությունների ֆոնին արված հայտարարությանը, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց` դեռ մեկ շաբաթ առաջ է կարծիք հայտնել, ըստ որի` Բակո Սահակյանը 2020թ. չի առաջադրվի:«Ես պայմանավորում եմ մի քանի հանգամանքներով: Առաջին` ժողովրդավարական ճանապարհով շարժվող Հայաստանն իր ազդեցությունն է թողնում նաև Արցախի վրա: Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Արցախում, նաև հայաստանյան ներքաղաքական գործընթացների արտացոլումն էին, որովհետև Արցախը հայկական աշխարհի բաղկացուցիչ մասն է: Բնական է, որ Հայաստանում և Արցախում զարգացող իրադարձությունները մշտապես փոխկապակցված են լինելու: Երկրորդ հանգամանքը քաղաքական վերադասավորումներն են, փոփոխությունները, ինչպես նաև երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելը: Այս սկզբունքի վառ ապացույցը Բ. Սահակյանի կողմից Արցախում առկա նոր նշանակումներն են: Ղեկավար կազմի սերնդափոխությունը սկսվել է Հայաստանում և տարածվել նաև Արցախի վրա: Արցախի պետնախարարի նշանակումը այդ օրինակներից էր»,–ասաց քաղաքագետը: 

Սրանք կարևոր տարբերություններ են»:

Քաղաքական իրադարձություններին զուգահեռ` կա սահմանային լարվածության աճ: Ըստ քաղաքագետի` պատերազմի վերսկսման հնարավորությունը երբեք պետք չէ բացառել, բայց հաշվի առնելով թե՛ արցախա– ադրբեջանական և թե՛ նախիջևանյան հատվածում տիրող առկա իրավիճակը` ասաց. «Ադրբեջանական հերթական պրովոկացիաներն են: Ամեն անգամ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն կարգավորումից և ցույց տալ, որ այս կոնֆլիկտը ոչ թե սառեցված, այլ տաք է: Այսինքն` ընթացիկ կոնֆլիկտ, որտեղ կան ռազմական գործողություններ: Ադրբեջանն այդկերպ փորձում է բուն բանակցային խնդիրներից զատ առաջ քաշել նաև վերջին միջադեպերը, որոնք տեղի են ունենում սահմանին: Սա նաև բանակցային գործընթացը շեղելու մարտավարություն է»:

 

Սուրեն Սարգսյանի խոսքով` ցանկացած կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանը նման կեցվածք է ընդունում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր անց գտնվելու է Մոսկվայում` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Ալիևի հետ հանդիպում չի նախատեսվում, բայց, բնականաբար, լինելու են տարբեր արարողակարգային միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավոր է նրանց ծանոթացումն ու շփումը: Կարծում եմ` այս լարված իրավիճակը կարելի է կապել նաև Ալիևի վերոնշյալ տրամաբանության հետ»:

Իսկ թե ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնի նոր իշխանությունը, քաղաքագետը նախ ընդգծեց. «Եթե հանրության բարձր աջակցությունը վայելող գործիչը գնում ու պետության անունից բանակցում է, ապա իրեն ավելի վստահ է զգում, քան ավելի ցածր աջակցություն վայելողը: Սա կարևոր առանձնահատկություն է այս իշխանության համար: 2–րդ` ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքական վեկտորներում մեծ փոփոխություններ չեն անելու Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում: Նրանք առաջ են քաշում կարևոր մոտեցումը` արցախյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացում, ինչը հիմնավորված է: Սա շատ էֆեկտիվ և օգտակար կլինի հենց բանակցային գործընթացի համար: Հայկական կողմը բանակցությունների ժամանակ այս սկզբունքը պետք է դնի Ադրբեջանի առաջ: Նոր իշխանության առումով որևէ բացառիկություն կամ սկզբունքային փոփոխություն այս գործընթացում չկա: Մեծ հաշվով` նոր իշխանությունը շարունակելու է այն բանակցային գործընթացը, որը տասնյակ տարիների ընթացքում է ձևավորվել: Իհարկե, առաջարկելու են նոր մտքեր, հարցեր, բայց Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում նոր իշխանություններից սկզբունքային փոփոխություններ չեմ ակնկալում: Տրամաբանական է, որ գործընթացը պետք է շարունակել այն հենքի վրա, որը դրվել է վերջին 2 տասնյակ տարիների ընթացքում: Նոր իշխանությունները չեն հայտարարել Արցախյան հակամարտության գործընթացում ինչ–որ լուրջ սկզբունքային կամ դիրքորոշումային փոփոխությունների մասին: Ըստ այդմ` ես կարող եմ ենթադրել, որ հայկական կողմը շարունակում է պնդել իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք տրամաբանական են և բխում են թե՛ միջազգային իրավունքի սկզբունքներից, թե՛ Արցախի ժողովրդի շահերից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում