Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով' ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ նախազգուշացումով:
Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը, և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթևեկության վերահսկողության թուլացում: Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս' անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը' չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթևեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը:
Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց:
Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք:
Սիրելի՛ հայրենակիցներ, գոյություն ունի երթևեկության կառավարման երկու եղանակ' ռեպրեսիվ միջոցներով և երթևեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով:
Ոստիկանությունն ունի երթևեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները և հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղևոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթևեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:
Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ, և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը...
Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթևեկության բոլոր մասնակիցներին: