ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ խնդրելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ արժեքավոր տեղեկատվություն ունեցող քաղաքացիներին դիմել ՀՔԾ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում' 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում' խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում' տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով' ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.' (+374)11 900 064:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ»: