«Ժառանգություն»-ն ակտիվ մասնակցելու է առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրություններին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց' իրենք լինելու են նոր իշխանության կողքին: «Ժառանգություն»-ը միակ խորհրդարանական կուսակցությունն է, որ երբևէ իշխանություն չի եղել, իշխանությունների հետ երբևէ չի համագործակցել, ««Ժառանգություն»-ը մշտապես նորարարական ծրագրեր է ներկայացրել և այս անգամ էլ բացառություն չէ»:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին' ի՞նչ ձևաչափով է «Ժառանգություն»-ը մասնակցելու արտահերթ ընտրություններին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին ֆորմատի առումով դեռևս որևէ որոշում չկա և կարծում եմ՝ չի էլ կարող լինել, որովհետև ֆորմատը վերջին պահին պարզ կլինի' տվյալ պահի քաղաքական վերադասավորումների շրջանակում»,-ասաց նա:

Նա նշեց' թեև իրենք հայտարարել են, որ ճիշտ կլինի, որ համաժողովրդական շարժումը միասնական ճակատով մասնակցի, բայց դա չի նշանակում, որ խորհրդարան անցնելու համար իրենք որևէ մեկի կարիքն ունեն. «Գտնում ենք' դա ճիշտ է քաղաքական առումով, ժողովրդի և երկրի շահերը պաշտպանելու առումով»,- նշեց Մարտիրոսյանը: