«Սա շոկ է: Ցանկացած անձի նման արարքը դավաճանություն է ժողովրդի և պետության նկատմամբ»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

«Նկատի ունենալով անմեղության կանխավարկածի անվերապահ կիրառությունը, ես կարծում եմ՝ մենք դեռևս չենք կարող իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքին: Անձամբ ես, միանշանակ կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու հարցում: Վստահ եմ' ՀՀԿ իմ բոլոր գործընկերներ ևս կողմ են քվեարկելու երկու հիմնական պատճառով՝ քանի որ սա բացարձակ անթույլատրելի է, և որևէ այլ կերպ, քան դավաճանություն՝ նման արարքը չի կարող բնութագրվել»,-ասաց նա: Գևորգ Կոստանյանի խոսքով՝ նման քվեարկությունը հնարավորություն կտա նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնել, որպեսզի տեսնեն' «ով է ոտնձգություն կատարել մեր ժողովրդի սրբության սրբոցի նկատմամբ»:

Կոստանյանը դժվարացավ ասել պետական համակարգից ներգրավված անձինք այս գործում կա՞ն, թե՝ ոչ: Հարցին' կա՞ իրավական ընթացակարգ, որ նիստն առանց Մանվել Գրիգորյանի ներկայության իրականացվի, Կոստանյանն ասաց. «ԱԺ կանոնակարգ օրենքում սահմանված է նման հնարավորություն, որ առանց պատգամավորի մասնակցության, բայց իր համաձայնության դեպքում կարող է նիստը տեղի ունենալ»: