«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս փուլում աջակցում է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարելավումներ իրականացնելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Մենք այս փուլում չենք կարող չաջակցել կառավարությանը, որպեսզի իրականացնի բարեփոխում այս համակարգում, բայց դա անում ենք պայմանով, որպեսզի քննարկումները կուտակային համակարգի հետ կապված շարունակվեն: Ես այս ամբիոնից նույն բանն ասել եմ մեր հարգարժան վարչապետ պարոն Փաշինյանին, որ մենք չենք կարող այս կարևոր հարցում չլսել մեր քաղաքացիների ձայնը: Սա է մեր դիրքորոշումը, և մենք կողմ ենք քվեարկելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա տեղեկացրեց, որ կուսակցությունում բազմաբովանդակ քննարկումներ են ունեցել և շարունակում են մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ է քննարկումների արդյունքում ներդնել այնպիսի համակարգ, որին քաղաքացիները կմիանան կամավոր: «Այսինքն, մենք չպետք է ունենանք պարտադիր համակարգ, այլ պետք է ներդնենք այնպիսի գայթակղիչ համակարգ, որ քաղաքացիները կամավոր կմիանան: Հենց այս մոտեցումն է ընկած մեր դիրքորոշման, ինչի համար էլ տիկին Մանե Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
Նա շեշտեց՝ հասկանում են, որ նոր կառավարությունը պետք է փորձեր ինչ-որ ճանապարհով լուծում տալ խնդրին: «Հիմա կառավարությունն այս ճանապարհն է ընտրել, իսկ մենք հայտարարել ենք, որ աջակցելու ենք այս կառավարության ռեֆորմները իրականացնելու հարցում»,- եզրափակեց պատգամավորը:
Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ներդնել հուլիսի 1-ից, սակայն հուլիսի 1-ից համակարգի մասնակից քաղաքացիները իրենց աշխատավարձի 5 տոկոսի փոխարեն կվճարեն 2.5 տոկոս, իսկ պետությունը նախկին 5 տոկոսի փոխարեն կվճարի 7.5 տոկոս: