Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկելու համար հավելյալ գումարներ պահանջում (տեսանյութ)
17:35 - 21.Հունիս.2018
Օրեր առաջ քաղաքացիների մոտ խնդիրներ են առաջացել ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչությունում: Բանն այն է, որ հերթի մեջ սպասող և արդեն վճարում կատարած քաղաքացիներից պահանջել են աշխատանքային օրվա ավարտից հետո սպասարկվելու համար կրկնակի վճարել, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը և բողոքի ալիք բարձրացրել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Աստղիկ Թադևոսյանը պատմեց, որ հունիսի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ից՝ մեքենայով գտնվել է վերոնշյալ մաքսատուն-վարչությունում: Երբ 17:50-ին դեռևս հերթի մեջ է եղել, մաքսատան աշխատակիցներն ասել են՝ քանի որ իրենց հերթը չի հասնի մինչև աշխատանքային օրվա ավարտը, ուստի անհրաժեշտ է բացի մաքսավճարը՝ մուծել ևս 3500 դրամ, որպեսզի 18:00-ից հետո աշխատակիցն արտաժամյա ռեժիմով իրականացնի մաքսազերծումը:
«Ես էլ հանդիմանեցի՝ ասելով, որ 3500 դրամը ջուրը չի բերել: Երբ 18:00-ին աշխատակիցները լքեցին իրենց աշխատատեղերը, հերթի մեջ սպասող քաղաքացիներից մի քանիսն անհանգստացան, թե իրենք մուծել են 2 մեքենայի համար 3500-ական դրամները, այդ դեպքում ո՞վ պետք է իրենց սպասարկի: Քիչ հետո մոտեցավ մաքսատան ներկայացուցիչն ու ասաց՝ «ով մուծել է, նա կսպասարկվի»: Պարզվեց, որ էլի մարդիկ էին մուծել, բայց կային նաև այնպիսիներն, ովքեր պատրաստ էին մուծել, բայց մաքսատանը կից միակ բանկն արդեն փակ էր: Մեկն անգամ առաջարկեց օնլայն վճարել, մեկն էլ թե՝ պարտավորագիր կգրի, վաղը կմուծի, միայն թե կարողանան իրենց մեքենաները հանել մաքսատնից: Ասեմ, որ մենք առանց հավելյալ 3500 դրամը վճարելու սպասարկվեցինք, հավանաբար, ամբողջ օրվա ընթացքում իմ լուռ չլինելու շնորհիվ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մաքսատան ներկայացուցիչը պնդել է, որ դա օրինական մուծում է:
Պարզաբանում ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ը դիմեց նաև Պետական եկամուտների կոմիտե: Այստեղից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության թիվ 2 բաժնի և Արշակունյաց 127/21 հասցեում ծառայություն իրականացնող բացթողնման բաժնի աշխատակիցները սահմանված կարգով ծառայություն են իրականացրել.
«Աշխատանքային օրվա ավարտից՝ 18:00-ից հետո, աշխատանքները դադարեցրել են նաև հարակից տարածքի բանկերի, համապատասխան գրասենյակների և նույն վայրում ծառայություն իրականացնող պետական այլ մարմինների աշխատակիցները, ինչն, ըստ էության, անհնար է դարձրել մաքսային ծառայողների կողմից օրենքով սահմանված կարգով ապրանքների հայտարարագրման և բացթողնման հետ կապված մաքսային գործառույթների իրականացումը»,- պարզաբանեցին ՊԵԿ-ից:
ՊԵԿ-ից ընդգծեցին այն հանգամանքը, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3500 դրամ մաքսավճար», 9-րդ մասի համաձայն՝ «Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2000 դրամ, իսկ այլ տրանսպորտային միջոցների համար` 5000 դրամ». «Օրենքը սահմանում է նաև, որ մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է հիշատակված հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով, ըստ այդմ էլ, մաքսային ծառայության ստորաբաժանումների կողմից աշխատանքային ժամերից դուրս աշխատանքները շարունակելը, անգամ բանկերի և տեղում ծառայություն իրականացնող պետական այլ ծառայությունների աշխատակիցների կողմից աշխատանքները շարունակելու պարագայում, օրենքի ուժով անխուսափելորեն հանգեցնելու է նաև գանձվող մաքսավճարի գումարի ավելացմանը»,- փոխանցեցին Պետական եկամուտների կոմիտեից: