«Այն քաղաքական-հասարակական մթնոլորտը, որը ձևավորված է Մանվել Գրիգորյանի շուրջ, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննությանը։ Ավելին՝ երբ օդում առկախված են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, վերացնել, ցեղը ջնջել. դա արդարադատություն չէ, այլ՝ ինքնադատաստան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ քրեական գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը. «Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող զազրելի արարքը, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ»։ 

 

Նրա խոսքով՝ այս օրերին Գրիգորյանին ճանաչողներն ու չճանաչողներն ուրացել են նրան. «Թեև Մանվել Գրիգորյանի անվան շուրջ տարիներ շարունակ պտտվել են բազմաթիվ բացասական ասեկոսեներ, բայց նույն Մանվել Գրիգորյանի մասին սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել է՝ Արցախյան հերոսամարտի ժամանակ՝ 1994-ին, պատերազմի 60 %-ը եղել է Մանվելի ուսերինԿարող ենք փաստել, որ պատերազմի ամենաերկար ճակատը եղել է այն ճակատը, որը պահել է Մանվել Գրիգորյանը»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ Ազգային ժողովում էլ Մանվել Գրիգորյանի մասին խոսողներից որոշները տասնյակ տարիներ ընտրություններ են կեղծել։

Փաստաբանը հավաստիացրեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է երկու այնպիսի հիվանդությամբ, որը համատեղելի չէ կալանավորման հետ. «Երբ անձը հայտարարում է, որ տառապում է հիվանդությամբ, պետք է ստուգեն»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը նաև բաց նամակով դիմել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի իրավիճակի մասին խոսելուց, փաստաբանն իր ակնկալիքներն է ներկայացրել վարչապետին. «Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից»,- ասվում է հայտարարության մեջ: