ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչներն ահազանգում են. «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը վտանգելու է իրենց կյանքն ու առողջությունը: Բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը, որը գտնվում է անմիջապես բնակելի տների եւ պտղատու այգիների կողքին, հաղորդում է «ԵկոԼուրը»:
«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա, ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, ինչքան էլ մեզ համոզեն, մենք հասկանում ենք` գործարանը ինչ վտանգ է ներկայացնում…մեր այգիները, ամեն ինչը հեչ է լինելու, իսկ եթե հանկարծ պայթեց այդ գործարանը, ո՞ւր ենք գնալու, օդ ենք թռնելու…տարաների վրա օդի, գազերի համար տեղ են թողնելու, եւ այդ գազերի գոլորշին որ դուրս եկավ, բնությանն ու մարդկանց վնաս է լինելու…այդ տարաները բաց երկնքի, արեւի տակ շիկանալու են, գոլորշին ո՞ւր պետք է գնա, պետք է մենք շնչենք…մեր պահանջն է կամ վերացվի սա այստեղից, կամ մեզ փոխհատուցում տան, մենք այստեղից գնանք, պրծնենք», - «ԷկոԼուրի» հետ զրույցում ասացին «Նատիի» բնակիչները:Նավթավերամշակման արտադրությունները մթնոլորտ են արտանետում ծանր մետաղներ, ծծմբի օքսիդ, ազոտի օքսիդ, դիօկսին, ածխածնի օքսիդ, ածխաթթու, բենզոլ, հիդրոֆիլականթթու, քլոր եւ այլն:
«Այս բոլոր նյութերը խիստ վտանգավոր են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար: Առաջացնում են վերին շնչառական ուղիների լուրջ հիվանդություններ ընդհուպ մինչեւ ասֆիկսիայի (շնչահեղձության): Մասնավորապես դիօկսինները կայուն օրգանական քիմիկատներ են, որոնք հանգեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Այս նյութերը, աղտոտելով շրջակա միջավայրը` սպանում են կենսաբազմազանությունը: Մարդու, բուսական եւ կենդանական աշխարհը վտանգված են այս նյութերով աղտոտված տարածքում»,- ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը:
«Նատի» թաղամասը շուրջ 250 բնակիչ ունի: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, աճեցնում են պտղատու այգիներ: Այս թաղամասում նավթավերամշակման գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքներն «ԱրմՕյլ» ընկերությունը մեկնարկել է դեռ 2015 թ-ի գարնանը: Սակայն ընկերության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ գործարան են կառուցում:
Շինարարության սկզբում բնակիչները նույնպես չեն տեղեկացվել, թե ինչ գործարան է կառուցվում: Ամեն ինչ պարզվել է 2017թ-ին, երբ գործարանի տարածքում սկսել են մոնտաժել տարաները: Եղվարդցիների ահազանգի արդյունքում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը որոշում է ընդունել դադարեցնել գործարանի շինարարությունը, այնուհետեւ շինարարական աշխատանքները վերսկսվել են:
«Խախտվել են մեր իրավունքները` կյանքի, առողջության: Խախտվել է նաեւ մեր սեփականության իրավունքը: Եթե հիմա մեկը ցանկանա վաճառել իր տունը, ո՞վ կգնի: Խախտվել են տեղեկատվության, որոշումների ընդունմանը մեր մասնակցության իրավունքները: Մեզ ի սկզբանե չեն տեղեկացրել, թե ինչ են կառուցում, իսկ երբ մենք հետաքրքրվել ենք, մեզանից թաքցրել են: Քանի որ մեր կյանքի եւ առողջության հետ է կապված, միանշանակ պետք է դադարեցվի գործարանի կառուցումը, ուրիշ տարբերակ չկա», - «ԷկոԼուրին» ասաց բնակիչներից Արթուր Թումասյանը:
Հիշեցնենք, որ Եղվարդում նավթավերամշակման գործարանի կառուցման առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության,գնահատման եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Չնայած հարուցված քրեական գործին, ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են: