Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ նրան շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մասնավորապես, Էրդողանին շնորհավորել են Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և Ստամբուլի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48): ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67, «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Ընտրությունների արդյունքում մեջլիսում երկու հայ պատգամավոր կլինի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Մարգար Եսայանը: