Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել ու ռազմական հռետորաբանություն է կիրառել:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:
Նա կրկին մոլորության մեջ է դրել սեփական ժողովրդին՝ համոզելով, թե Նախիջևանում 2018 թվականի հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն առաջընթաց ունի:
Ալիևի՝ իրականությունը չարտահայտող հայտարարություններին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը ամենաժամանակակից զենքերի միջոցով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, այդ թվում և փոստերը, հեռագիրը և այլն:
Ադրբեջանի ժողովուրդը ցավով հաստատում է՝ իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում»,-նշել է ԱԳ խոսնակը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ուղիղ եթերի ժամանակ հերքել է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությամբ, կարևոր բարձունք է գրավել: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ: