Առաջին անգամ Հայաստանում հունիսի 26-ին մեկնարկեց ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը, որը հնարավորություն կտա ձևավորել համագործակցության նոր հարթակներ, կիսվել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումների միջազգային փորձով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Պլատֆորմի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը երկկողմ հանդիպումներ անցկացրեց միջոցառման մասնակից մի շարք բարձրաստիճան հյուրերի հետ: Մասնավորապես՝ Հ. Ռոստոմյանը առանձնազրույց ունեցավ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սալիմզոդա Մուհամաջոնի, Ղազախստանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Բեկերի և Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության պետքարտուղար Ազատ Մեմբետովի հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին վերոնշյալ երեք պետությունների հետ արտակարգ իրավիճակների և, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները: Կոմղերն ընդգծեցին, որ աղետները սահմաններ չեն ճանաչում, ուստի աղետակայուն հասարակության կառուցման գործընթացում անհրաժեշտ է սերտ անդրսահմանային համագործակցություն:Զրույցի ընթացքում կողմերը շեշտադրեցին կլիմայական փոփոխությունների ազդեցությունը հատկապես գյուղատնտեսության ոլորտի վրա և անդրադարձան ժամանակակից տեխնիկական հնարավորություններով այդ ազդեցությունը չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելուն:

 

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման գործընթացն օրենսդրական դաշտում ամրագրելու իրենց երկրների փորձառությունը միմյանց հետ փոխանակելու և երկկողմ համագործակցության համաձայնագրեր կնքելու վերաբերյալ: